ԳՆԱՀԱՏԵՆՔ << ՍՊՈՐՏԻ ԹԱԳՈՒՀՈՒ >> ԴԵՐԸ

12:07 - 30 Նոյ, 2023

Քչով բավարարվող մարդիկ են մեր երկրի աթլետիկայի  ներկայացուցիչները: Մարզաձևի  ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ, գիտությունների թեկնածու, գյումրեցի Գրիգոր Բարսեղյանը ավարտվող տարին հաջող է համարում հատկապես այն բանի համար, որ իրենց ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի անգերազանցելի ռեկորդակիր, գյումրեցի  Ռոբերտ Էմմիյանի տարիների ցանկությունը  և հետևողական աշխատանքը վերջապես իրականացավ. Արտաշատի ստադիոնում տեղադրվեց և կառույցին յուրատեսակ շուք հաղորդեց  ժամանակակից վազքուղին ՝  պահանջվող բոլոր հատվածներով:

- Հիմա արդեն գլուխներս բարձր ենք պահում, որ Հայաստանում  էլ կարող ենք անցկացնել միջազգային մրցաշարեր, - հեռախոսազրույցի ժամանակ ասաց մասնագետը: - Անկեղծ լինեմ. առավել օգտակար կլիներ,  եթե շատ հաճելի այդ իրողությունը կատարվեր մեր երկրի մայրաքաղաքում: Բայց հույսներս չենք  կորցրել ու հավատում ենք, որ ղեկավարությունը   շքեղաշուք  << Հրազդանում >>  նույնպես կտեղադրի նման և ավելի որակյալ  վազքուղի, որպեսզի մեր ֆուտբոլի  հաղթարշավի  ասպարեզ եղած ստադիոնը վեհորեն իր դռները բացի Երևանում 2027թ. անցկացվելիք  Ֆրանկոֆոնիայի  խաղերի մասնակիցների առջև . . .

Գլխավոր մարզիչը համեստորեն չխոսեց ավարտվող մրցաշրջանում  ունեցած  մասնագիտական հաջողությունների մասին, այն , որ անկախացման տասնամյակների ընթացքում  վազորդներից առաջինը գյումրեցի  Երվանդ Մկրտչյանը երրորդը ճանաչվեց համաշխարհային ուսանողական խաղերում: Նույն արդյունքը Հայաստանի օգտին գրանցեց նաև կապանցի եռացատկորդ Լևոն  Աղասյանը ՝ Կոնգոյում անցկացված Ֆրանկոֆոնիայի խաղերում: Մեր պատվիրակները բազմաթիվ մրցանակների են արժանացել  նաև միջազգային մրցաշարերում:

Գրիգոր Բարսեղյանը նաև նշեց, որ աթլետները տարին կեզրափակեն դեկտեմբերի 9 – 23 –ը Թբիլիսիում կայանալիք ուսումնամարզական նախապատրաստական հավաքով: Իսկ նոր մրցաշրջանը կսկսվի 2024թ., հունվարի 27 –ին, Վանաձորում մեկնարկելիք  Լոռվա մարզի աթլետիկայի ֆեդերացիայի  համապետական բաց մրցաշարով: Կհաջորդեն փետրվարի 4 –ին և 10 –ին նախատեսված մինչև 20 տարեկանների, ապա ՝ մեծահասակների մասնակցությունը բալկանյան երկրների առաջնություններում: Դրանք ընտրական բնույթ կկրեն և լավագույնները պետք է մասնակցեն Շոտլանդիայի Գլազգոյում մարտի 1 - ին սկսկվելիք աշխարհի առաջնությանը: Կխաղարկվեն օլիմպիական ուղեգրեր, որոնց համար կպայքարեն նաև մեր երկրի մի քանի մարզիկ  - մարզուհիներ:

Հայաստանում աթլետիկայի մասսայականացմանը  նպաստում են մայրաքաղաքի, Շիրակի, Լոռու, Սյունիքի, Արարատի և Արմավիրի մարզերը: Մյուս բնակավայրերում , ավաղ, անուշադիր են << սպորտի թագուհու >>  նկատմամբ: Չենք կարծում, որ տեղերում  չգիտեն մարզաձևի բացառիկ մեծ դերն ու նշանակությունը  առողջ ապրելակերպի  գործում: Պարզապես պետք է ստեղծել, ունենալ թեկուզև պարզ տիպի մարզումային պայմաններ:

Հուսանք, որ << Փարիզ – 2024 >>  –ում Հայաստանը կունենա իր մասնակիցները:

 

 

 

Այլ նորություններ